Քանդակագործություն, պլաստիկ արվեստներից մեկն է, կերպարվեստի տեսակ, որ պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։ Որպես կանոն քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին (անիմալիստական ժանր), ավելի սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ)։ Գեղանկարչության ու գրաֆիկայի համեմատ ունենալով գեղարվեստաարտահայտչական ավելի սահմանափակ միջոցներ՝ քանդակագործությունը միևնույն ժամանակ ստեղծում է ծավալների շոշափելի ու իրականակերպ դրսևորումներ և դիտողին հնարավորություն է տալիս պատկերվածն ընկալելու տարբեր դիտակետերից[1]։
Քանդակագործության պատմության ընթացքում կիրառել են փորագրություն (նյութի հեռացում) և կերտում (նյութի ավելացում, օրինակ՝ կավ), քարից, մետաղից, խեցեղենից, փայտից և այլ նյութերից։ Տարբեր նյութերը կարող են մշակվել՝ փորագրության, եռակցման կամ ձուլման միջոցով։
Անհիշելի ժամանակներից մարդը քանդակել է։ Սկզբում նա օգտագործել է իրեն հասանելի ամենապարզ նյութերը՝ քար, ցեխ և փայտ։ Հետո դրանց փոխարինել են երկաթը, բրոնզը, արճիճը, մոմը, պատի ծեփը, պլաստիլինը, պոլիեթերային խեժը և պլաստմասսաները։ Սկզբում քանդակը ստեղծվել է զուտ օգտագործման համար, հետո ստեղծվել և օգտագործվել է ծիսական, մոգական, թաղման և կրոնական նպատակներով։ Քանդակը հնարավորություն ունենալով զարգանալ որպես ամուր կամ երևութական էլեմենտ, իր ֆունկցիոնալ օգտագործումը փոխել է պատմական զարգացման հետ, ձեռք բերելով հիմանականում էսթետիկական կամ դեկորատիվ նպատակներ[2]։
Քանդակը սկզբում սովորաբար կերտվում է կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից (քարակերտ ու փայտակերտ գործերում այդ փուլերը հաճախ շրջանցվում են)։ Գիպսե ձուլածոները կա՛մ ինքնուրույն գոյության իրավունք են ստանում, կա՛մ ծառայում որպես մոդել՝ քանդակը ավելի մնայուն նյութերով (քար, փայտ, մետաղ) մարմնավորելու համար։
Անտիկ շրջանում գրեթե միշտ, հետագայում՝ մերթ-մերթ, մարմարե քանդակները ներկվել են, թեև այդ վիճակում մեծ մասամբ չի պահպանվել[3]։ Կոպենհագենում տեղակայված Car Carlsberg Glyptotek թանգարանը իրականացնում է քանդակների բնօրինակ գույների ուսումնասիրության և վերականգնման աշխատանքներ[4][5]։ Մինչև 17-18-րդ դարերը հաճախ ներկվել են նաև փայտաքանդակները։ 19-20-րդ դարերի քանդակագործները սովորաբար բավարարվում են նյութի բնական գույնով կամ միագույն փառապատումով։
Քանդակագործությունն ունի երկու ենթատեսակ՝ բոլորաքանդակ (երբ ստեղծագործությունը մշակվում է բոլոր կողմերից, հետևաբար բոլոր կողմերից դիտելի է) և ռելիեֆ (երբ քանդակային պատկերը փորագրվում է կամ մեծ թե փոքր ցցունությամբ կերտվում է նրա ֆոնը հանդիսացող հարթության վրա, հետևաբար դիտելի է միայն դիմացից, մասամբ՝ կողքերից)։ Հայերեն արձանագործություն և անդրիագործություն տերմինները, որոնք գործածվում են որպես քանդակագործության հոմանիշներ, ավելի ստույգ վերաբերում են բոլորաքանդակին։ Ռելիեֆները մեծ մասամբ համադրվում են ճարտարապետությանը, հարդարում շենքերի ճակատները, գոտին, ճակտոնը, ներսում՝ առաստաղը, ներքնապատերը ն իրենց ծավալային պատկերաձևերով լինում են բարձրաքանդակ, հարթաքանդակ, խորաքանդակ[1]։
Քարի քանդակը ավելի հին պատմություն ունի, քան արվեստի այլ՝ ոչ հարատև նյութերից ստեղծագործությունները։ Հինավուրց մշակույթներից մնացած աշխատանքների մեծ մասը քարից են (բացառությամբ խեցեղենի)։
Մինչև վերջին ժամանակները շատ մշակույթներում քանդակագործությունը ստեղծվել է գլխավորապես կրոնական, պաշտամունքային թեմաներով։ Խոշոր քանդակը ծախսատար էր անհատների համար, և այդ պատճառով հիմնականում պատվիրվել է եկեղեցական և քաղաքական նպատակներով։ Պահպանվել են հիմնականում այն մշակույթների քանդակները, որտեղ դրանք մեծ քանակով պատվիրվել և ստեղծվել են։ Այդ երկրներից են Միջագետքը, Հնդկաստանը, Չինաստանը, նաև Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։
Արևմտյան, դասական քանդակը ձևավորվել է Հին Հունաստանում, որի դասական շրջանում ստեղծվել են բազմաթիվ գլուխգործոցներ։ Միջին դարերում ծաղկել է գոթական քանդակը, որպես քրիստոնեական կրքերի և հավատի դրսևորում։ Սրան հաջորդած Վերածննդի շրջանում վերածնվել է դասական քանդակը։ Ժամանակակից մոդեռնիստական քանդակը շեղվել է դասական պատկերման ձևերից, հաճախ պատրաստի արտադրանքը ներկայացնում է, որպես արվեստի գործ։