Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմնական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Եթե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառագայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պայուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ապակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:
Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օդի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտերում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):
Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշվում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ընթացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաստիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճանները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կեսօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հաղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացումով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկրագնդի վրա Արեգակից ստացվող ջերմությունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթները տարբեր անկյան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մասնավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնականում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ավելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում: